Հաջորդ տարի առաջին խմբի մրցաշարում հանդես կգա “Ֆուրման” թիմը ("Ֆուրման" ակումբի նախագահ Արթուր Աբրահամյանի հարցազրույցը "90 րոպե" շաբաթաթերթին) Ֆուրման Աբրահամյանի անունը քաջ հայտնի է հայ ֆուտբոլասերին: Ֆուտբոլային կարճատեւ կյանքում նա կարողացավ մեծ հարգանք ու համբավ ձեռք բերել` հանդես գալով “Արարատի” կազմում: Այսօր ֆուտբոլային աշխարհում Ֆուրման անունը շարունակում է աշխատել հայական ֆուտբոլի զարգացման համար: 1998 թվականին Ֆուրման Աբրահամյանի որդին` Արթուր Աբրահամյանը, հիմնեց “Ֆուրման” ֆուտբոլային ակումբը` շեշտը դնելով պատանեկան ֆուտբոլի զարգացման վրա: Արթուրը, ինչպես եւ իր հայրը, շարունակում է ապրել ֆուտբոլով եւ իր աշխատանքով ձգտում է նպաստել հայկական ֆուտբոլում նոր անունների հայտնաբերմանը: Թե ինչպես հիմնվեց ու ինչպես են ընթանում գործերը “Ֆուրման” ֆուտբոլային ակումբում, մենք պարզեցինք ակումբի հիմնադիր Արթուր Աբրահամյանի հետ: - Քանի՞ ֆուտբոլային խմբակ կար ակումբի հիմնադրումից հետո: - Հիմանդրումից հետո երեխաների թիվը բավականին քիչ էր: Աստիճանաբար ընդլայնեցինք համագործակցության շրջանակները միջնակարգ դպրոցների հետ, հայտարարությունների միջոցով սկսեցինք հավաքագրել տարբեր տարիքի երեխաների: Ճիշտն ասած` շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցինք այդ ուղղությամբ ու արդյունքում հավաքագրեցինք մոտ 200 երեխաների: Այն ժամանակ մենք տարբեր տարիքային խմբակներ չունեինք, բոլորը մարզվում էին իրար հետ: Բայց երբ դպրոցի սաների թիվը սկսեց ավելանալ, արդեն հնարավորություն ստացանք ըստ տարիքային խմբերի բաժանել երեխաներին, ու առանձին խմբակները սկսեցին գործել առանձին մարզումային ծրագրերով: Ներկայումս “Ֆուրման” ակումբում ֆուտբոլային խմբակների հետ աշխատում են վեց մարզիչներ, որոնցից երկուսը` աղջիկների թիմերի հետ: - Հիմա արդեն ակումբն ամեն տարի հավաքագրո՞ւմ է կատարում: Ձեր ամենափոքր տարիքային խմբում քանի՞ տարեկան երեխաներ են ընդգրկված: - Մեր ակումբում ընդունելությունը կատարվում է ամբողջ տարվա ընթացքում: Կոնկրետ ժամանակահատված դրա համար չկա ընտրված: Այսպես մենք համալրում ենք մեր տարբեր տարիքային խմբերը եւ պատրաստվում ու մասնակցում հանրապետության տարբեր տարիքային խմբերի առաջնություններին, որոնք անցկացվում են Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, գումարած Երեւան քաղաքի առաջնությունները: Ներկայումս ութ տարիքային խմբերում “Ֆուրման” ակումբը ներկայացված է իր թիմերով, իսկ ամենափոքր տարիքային խմբում ընդրգրկված են 1998-99 թթ. ծնված երեխաները: - Ի՞նչը ստիպեց ձեզ դիմել այսպիսի քայլի. զբաղվել ֆուտբոլով, այն էլ մանկապատանեկան ֆուտբոլով: - Դե գիտեք, մեր ընտանիքը ֆուտբոլային ընտանիք է: Եղել է այդպիսին եւ այդպիսին էլ կլինի: Ես այս քայլով երկու նպատակ եմ հետապնդում: Վառ պահել հորս հիշատակը եւ, իհարկե, թեկուզ ամենաչնչին, բայց անյուհանդերձ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ: Մեր ակումբը, որպես մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց, առաջինն էր իր տեսակով մեր հանրապետությունում: Բնականաբար, մենք առաջնորդվում ենք նախապես մշակված ծրագրերով, բայց նշեմ, որ այդ ծրագրերն իրագործելը շատ բարդ աշխատանք է: Առաջին հերթին, հովանավորներ են հարկավոր: Սակայն, անկախ ամեն ինչից, ես եւ իմ համախոհները չենք ընկճվում, եւ քանի որ իմ կողքին կանգնած են ընկերներս, ֆուտբոլին նվիրված մարզիչներ, մեր աշխատանքը կայանում է: Բոլորն էլ անխտիր նվիրված են իրենց աշխատանքին, Ֆուրման անունին, ֆուտբոլին եւ մատաղ սերնդի դաստիարակությանը: Հիմա մենք արդեն ունենք զարգացման երկարաժամկետ ծրագիր, որով առաջնորդվելով` ամեն ինչ կանենք մեր ներդրում ունենալու համար հայկական ֆուտբոլում: Երբ մեր թիմերը սկսեցին մասնակցել տարբեր մրցումների, մենք կարեւրում էինք մասնակցությունը, որը կոգեւորեր երեխաներին եւ մարզիչներին, բայց հիմա արդեն մեզ համար շատ կարեւոր է արդյունքը: Եվ արդյունք մենք արդեն ունենք: 2006թ. Հայաստանի 18 տարեկան ֆուտբոլիստների առաջնությունում “Ֆուրման” ակումբի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, առաջին ամպլուաներում մեր թիմի խաղացողներն արժանացան տարբեր մրցանակների: Քանի որ մենք դեռեւս թիմ չունենք առաջին կամ բարձրագույն խմբում, ապա մեր հիմնական նպատակներից մեկն էլ տարբեր ակումբների համար ֆուտբոլիստներ պատրաստելու գործընթացն է: - Փաստորեն, դուք ֆինանսական հնարավորություն չունե՞ք առաջին կամ բարձրագույն խմբում թիմ ներկայացնելու համար: - Ներկայումս, այո: Բայց այդ ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում: Մեր ակումբի եւ մասնավորապես ինձ համար այժմ առաջնային խնդիր է ֆուտբոլային ակադեմիայի ստեղծումը: Այդ իսկ պատճառով մենք սերտորեն համագործակցում ենք թիվ 188 միջնակարգ դպրոցի հետ: Դպրոցում ստեղծվել են հատուկ ֆուտբոլի դասընթացներ եւ դասարաններ: Ֆիզկուլտուրայի ժամերին դասարաններն ամբողջ կազմով զբաղվում են միայն ֆուտբոլով: - Մեր ֆուտբոլում ամենացավոտ հարցը շարունակում է մնալ ֆինանսավորումը, բացի մեր առաջատար մի քանի ակումբներից, որոնք կայուն հովանավորներ ունեն, մյուս ակումբները մրցումների ընթացքում դժավարություններ են ունենում: Ինչպե՞ս եք դուք կարողանում լուծել այդ շատ կարեւոր խնդիրը: - Ցավոք սրտի, մենք էլ դեռեւս կաղում ենք այդ մասով: Բայց, անկախ ամեն ինչից, տարվա ընթացքում ոչ մի մարզում չի եղել, որ մենք հետաձգենք: Ամեն ինչ ընթանում է նախատեսված գրաֆիկով: Օրական երկու մարզում անցկացնում ենք միանշանակ: Դժվարություններ կան նաեւ կապված խաղադաշտերի հետ: Ներկայումս մենք “Օրբիտա” գործարանի հետ պայմանագիր ունենք, եւ մեզ ըստ այդ պայմանագրի տրամադրված է մարզադաշտը: Ճիշտ է, այն բարովոք վիճակում չէ, բայց պայմաններն առայժմ սա են: Մարզումներ անցկացնում ենք նաեւ թիվ 188 դպրոցի մարզադահլիճում: Բնականաբար, մենք շարունակում ենք այդ ուղղություններով մեր պայամանները բարելավել, այդ իսկ պատճառով դիմում ենք տարբեր կազմակերպությունների: Եվ, մասնավորապես, հիմա մենք շատ սերտ ու բարեկամական հարաբերությունների մեջ ենք ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հետ: Արդեն ունենք պայմանագիր համալսարանի հետ, եւ ռեկտոր պարոն Հովհաննես Թոքմաջյանը, որը, ի դեպ, մեծ ֆուտբոլասեր է, ձգտում է մեզ օգնել շատ հարցերում: Մասնավորապես, արդեն մշակվում է ծրագիր, որի համաձայն հաջորդ տարի մեր ավագ տարիքային խմբի թիմը հանդես կգա հանրապետության առաջին խմբի մրցաշարում: Սա շատ կարեւոր է “Ֆուրման” ակումբի համար: Ամեն տարի մենք 20-25 շրջանավարտ ենք տալիս, եւ մյուս ակումբներն էլ, ունենալով իրենց դպրոցները, չեն վերցնում այդ տղաներին, ու ստացվում է, որ երկար ժամանակ ֆուտբոլով զբաղվելուց հետո մեր ֆուտբոլիստները պարապուրդի են մատնվում: Ես շատ ուրախ եմ, որ Հովհաննես Թոքմաջյանի նման ֆուտբոլին նվիրված մարդիկ կան, ովքեր աշխատում են իրենց հնարավորությունների սահմաններում օգտակար լինել այս մարզաձեւին: - Իսկ ակումբը ֆուտբոլային ի՞նչ այլ աշխատանքներ է կատարում այս մարզաձեւը էլ ավելի մասսայականացնելու համար: - Մենք բավականին լավ ինֆորմացիոն բազա ունենք: Ստեղծված է “Ֆուրման” ակումբի ինտերնետային կայքը, հրատարակում ենք մեր թերթը: Այսպես ձգտում ենք զարգացնել նաեւ ֆուտբոլային ինֆրոստրուկտուրան: Միեւնույն ժամանակ, չնայած նշվեց, բայց եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մենք կատարում ենք նաեւ աղջիկների ընդունելություն: Գիտեք, մեր ազգային մենթալիտետը առայժմ թույլ չի տալիս աղջիկների շրջանում ֆուտբոլը մասսայականացնել, բայց մեզ մոտ արդեն ստացվում է, եւ դրա վկայությունը մեր երկու խմբերն են: - Իսկ ձեր ակումբի թիմերը միջազգային որեւիցե մրցաշարերի մասնակցե՞լ են: - Առայժմ բավարարվում ենք ընկերական խաղերով: Օրիանակ` վերջերս մեր 1990, 1991 եւ 1993 թթ. ծնված ֆուտբոլիստների թիմերը ուսումնամարզական հավաք անցկացրին Վրաստանի Բաթում քաղաքում ու միաժամանակ ընկերական խաղեր անցկացրին: Ընդհանուր առմամբ, մեր թիմերի մասնակցությամբ ութ հանդիպում կայացավ, որոնցից վեցում մենք հաղթեցինք, եւ երկուսում էլ հաջողությունն ուղեկցեց մրցակցին: Նշեմ, որ այս ուղեւորությունը կազմակերպելու գործում մեզ աջակցեցին մեր ֆուտբոլիստների ծնողները: |